Քրեական ոստիկանության համակարգը նոր որակ կստանա. մեկնարկել է նոր ձևավորվող քրեական ոստիկանության ծառայողների դասընթացը:
Քրեական ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար քաղաքացիական անձինք և ոստիկանության ծառայողները անցել են մի քանի փուլ՝ IQ թեստ, ֆիզիկական պատրաստվածության ստուգում, հարցազրույցներ հոգեբանի մասնակցությամբ։
Ընտրված քաղաքացիական անձանց համար կրթական գործընթացը մեկնարկել է մայիսի 2-ից, որը տևելու է 5 ամիս։ Ոստիկանության ծառայողները դասընթացին կմիանան հուլիսի 29-ից. կրթության տևողությունը 2 ամիս է։
ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը նշել է․ «Քրեական ոստիկանության պատրաստման համար իրականացվող ուսումնական գործընթացն ամբողջությամբ վերաիմաստավորվել է․ այստեղ կարևորը մասնագետին թիրախային, այլ ոչ թե ընդհանրական գիտելիքներ տալն է։ Կրթական գործընթացի մոտ 70 տոկոսը հատկացված է գործնական, իսկ 30 տոկոսը տեսական գիտելիքների փոխանցմանը»։
Մանուկ Մուրադյանն ընդգծել է նաև, որ ընտրված ձևաչափը բավարար է լինելու ապագայում նոր ձևավորված քրեական ոստիկանության առջև դրված խնդիրներն ամբողջությամբ իրականացնելու համար։