Համայնքային ոստիկանների կարողությունների զարգացման շարունակական վերապատրաստումները ՆԳ նախարարության առաջնահերթություններից են: Ուշադրության կենտրոնում է թե՛ ծառայողների, թե՛ վերապատրաստող անձնակազմի մասնագիտական գիտելիքների և կարողությունների կատարելագործումը։
ՆԳՆ կրթահամալիրի 16 դասընթացավար դեկտեմբերի 6-ին հաջողությամբ ավարտել են «Համայնքային ոստիկանություն» թեմայով վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը, որն իրականացվել է ԵԱՀԿ կողմից «Ժողովրդավարական ոստիկանական ծառայության սկզբունքների ամրապնդում` ոստիկանություն-հասարակություն ընդլայնված գործընկերության միջոցով» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ։
ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Հրանտ Թորոսյանը և ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն են հայտնել ԵԱՀԿ-ին և շնորհավորել դասընթացի մասնակիցներին։
Վերապատրաստման ծրագրի շրջանակում մասնակիցները կատարելագործել են դասավանդման հմտությունները, խորացրել գիտելիքները համայնքային ոստիկանության սկզբունքների, համայնքի ներգրավման ու գործընկերության ձևավորման, մշակութային զգայունության և ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման ուղղությամբ։
Նույն ծրագրի շրջանակում ԵԱՀԿ փորձագետների կողմից մշակվել է 11 ուսումնական մոդուլ` ՆԳՆ կրթահամալիրում Համայնքային ոստիկանության համապարփակ կրթական ծրագրի մասնագիտական առարկաների դասավանդման համար:
Վերապատրաստման մասնակիցներին տրվել են հավաստագրեր։