ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էր։

Պատվիրակության անդամները ծանոթացել են թվային ծառայությունների մատուցման, բնակչության պետական ռեգիստրի և փաստաթղթավորման էլեկտրոնային համակարգերին, ինչպես նաև Անվտանգային գիտությունների ակադեմիայի գործունեությանը։

Պատվիրակությունը հյուրընկալվել է Էստոնիայի ներքին գործերի նախարարությունում, որտեղ քննարկվել են գերատեսչության կառուցվածքը և գործառույթների բաշխումը՝ նախարարության և ենթակա գործակալությունների միջև։

Հատուկ ուշադրություն է դարձվել բնակչության պետական ռեգիստրի համակարգի ներդրմանն ու զարգացմանը։ Քննարկվել են բնակության վայրի հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման, տվյալների մուտքագրման և դրանց ամբողջականության ստուգման գործընթացները։ Առանձնահատուկ ուշադրության է արժանացել Էստոնիայի ՆԳ նախարարության կազմում գործող ՏՏ կենտրոնի գործունեությունը։

Հանդիպում է տեղի ունեցել նաև Էստոնիայի Ոստիկանության և Սահմանապահ ծառայության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են մատուցվող ծառայությունները, այդ թվում՝ բնակչության փաստաթղթավորման և սահմանների համալիր կառավարման ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Անվտանգային գիտությունների ակադեմիայում ներկայացվել է ՆԳՆ համակարգի կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացը, ինչպես նաև նախարարության այլ ստորաբաժանումների հետ համագործակցության շրջանակները։

Քննարկվել են սահմանների համալիր կառավարման ոլորտում ներգրավված անձնակազմի կրթական և վերապատրաստման ծրագրերը, ինչպես նաև Ոստիկանություն և Սահմանապահ ծառայություն ընդունելության պահանջները։

Նմանատիպ գրառումներ