
Ապրիլի 17-ին «Դինամո» մարզադահլիճում կայացել է Իրավապահ մարմինների 2026 թվականի վոլեյբոլի առաջնությունը՝ մեկ հարկի տակ համախմբելով տարբեր գերատեսչությունների հավաքական թիմերին։
Դիտարժան մրցապայքար է ծավալվել ՆԳ նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հավաքական թիմերի միջև։
Ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը։
Դահլիճում մթնոլորտը մրցակցային էր։
Համառ պայքարում ՆԳ նախարարության հավաքական թիմը նշանակալի հաղթանակ տարավ։
Ոստիկանության օրվան նվիրված առաջնությանը մասնակցել են նաև Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության և Պետական եկամուտների կոմիտեի հավաքական թիմերը և մրցանակային տեղերը բաշխվել են ըստ գրանցած արդյունքների ։
Տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։
Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի հավաքական թիմերը։
Վոլեյբոլի առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել է ՆԳ նախարարության հավաքական թիմը։
Հաղթողներին շնորհվել են հավաստագրեր և համապատասխան կարգի մեդալներ։
Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի կողմից ՆԳՆ հավաքական թիմի անդամ, պարեկային ծառայող Հովհաննես Սարգսյանը ճանաչվել է «Լավագույն խաղացող»՝ արժանանալով հատուկ պարգևի։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փայլուն մրցելույթների համար շնորհավորել է առաջնության մասնակիցներին և նշել, որ նման ձևաչափով հանդիպումները վաղուց արդեն դուրս են եկել մրցակցային շրջանակից․ սա կարևոր հարթակ է մասնակիցների միջև շփումների ընդլայնման, ընկերական հարաբերությունների ձևավորման և համագործակցության ամրապնդման համար։ Նրա խոսքով՝ մրցապայքարում հաղթողներ և պարտվողներ չկան․ հաղթում են բոլորը, որովհետև ստեղծվում են սերտ կապեր և շփման նոր հնարավորություններ։
Շնորհավորում ենք բոլոր մասնակցիներին առաջնությունում գրանցած արդյունքների համար։


















































