Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ փրկարարական-ջոկատում շուրջ տասը տարի է իր ծառայությունն է իրականացնում 2025 թվականի լավագույն հրշեջ-փրկարար ճանաչված Էդգար Մարտիրոսյանը։

Հոր՝ ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի կերպարը նրա մեջ ձևավորել է պատասխանատվության բարձր զգացում և արմատավորել պետությանն արժանապատիվ ծառայելու գաղափարը, ինչը վճռորոշ դեր է ունեցել մասնագիտության ընտրության հարցում։

«Մեր տան մոտ հրշեջ-փրկարարական ջոկատ կար և ես փոքր տարիքից տեսել եմ հրշեջ-փրկարարների մարզումները, ու նաև դա է դարձել որոշմանս պատճառ»,-ասում է Էդգար Մարտիրոսյանը։

Հարցին, թե մարդկային և մասնագիտական ինչպիսի որակներ պետք է ունենա հրշեջ-փրկարարը, պատասխանում է․ «Շատ կարևոր է, որ հրշեջ-փրկարարը լինի ֆիզիկապես ուժեղ, բայց առավել կարևոր է հոգեբանական բարձր պատրաստվածությունը, որ սթրեսային վիճակներում կարողանա դիմակայել»։

2025 թվականի լավագույն հրշեջ-փրկարարը ծառայության ընթացքում բազմիցս է ապացուցել, որ փրկարար լինելը ոչ միայն կոչում է, այլ կենսաձև։

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Նորայր Հարությունյանի խոսքով՝ «Էդգար Մարտիրոսյանն անցած տարվա ընթացքում մասնակցել է մի շարք հրդեհաշիջման աշխատանքների։ Նա իր բարեխղճությամբ, նվիրվածությամբ ու աշխատասիրությամբ արժանի է լավագույնի կոչմանը»։

2025 թվականի լավագույն հրշեջ-փրկարարի խոսքով՝ նման բարձր կոչման արժանանալն առաջին հերթին պատասխանատվություն է, ծառայությունն ավելի ջանասիրությամբ իրականացնելու մոտիվացիա։

Նմանատիպ գրառումներ