
Հուլիսի 20-21-ին Ծաղկաձորում անցկացվել է «Ազատությունից զրկման վայրերի դիտորդական խմբերի կարողությունների զարգացում» թեմայով երկօրյա դասընթաց, որին մասնակցում էին նաև ՆԳՆ ներկայացուցիչները։
Բացման խոսքով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանը, դասընթացները վարել են ԵԽ ազգային փորձագետներ Սուրեն Քրմոյանն ու Արսեն Նիկողոսյանը։
Մասնակիցները քննարկել են ազատությունից զրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, ռիսկերի բացահայտման, փաստաթղթավորման և արձագանքման ազգային մեխանիզմների, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց առողջության պահպանության և խոցելի խմբերի պաշտպանության հարցերը։
Անդրադարձ է կատարվել նաև ազատազրկման արդյունավետ մոնիթորինգի իրավական և ինստիտուցիոնալ շրջանակին, մոնիթորինգային այցելությունների պլանավորմանն ու անցկացման մեթոդաբանությանը, ապացույցների հավաքագրմանն ու գնահատմանը։
Ներկայացվել են ազատազրկումից ազատման նախապատրաստման, կրկնահանցագործության կանխարգելման և վերասոցիալականացման, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելման գործում դիտորդական խմբերի դերի և արդյունավետ մշտադիտարկման գործնական մոտեցումների վերաբերյալ հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել հանրային մոնիթորինգի խմբերի և ազգային կանխարգելիչ մեխանիզմի դերին, պետական կառույցների հետ համագործակցությանը, զեկույցների և առաջարկությունների մշակմանը, ինչպես նաև դրանց կատարման նկատմամբ հետևողականությանը։
Դասընթացն ամփոփվել է հարցուպատասխանի ձևաչափով։
Միջոցառումն իրականացվել է ԵԽ-ի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» ծրագրի շրջանակում։
















