
Օպերատիվ արձագանքի, թիմային աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության արդյունքում 2025 թվականի լավագույն ստորաբաժանում ճանաչված Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը նախորդ տարվա ընթացքում 1360 կանչ է սպասարկել։
ՀՓՋ հրամանատար Մխիթար Խուրշուդյանի խոսքով՝ Կարգապահություն և համախմբվածությունը առաջնային են 11-րդ հրշեջ փրկարարական ջոկատում։
Յուրաքանչյուր կանչի հետևում մի նոր փորձություն է՝ կենցաղային բնույթի դեպքերից մինչև ժամերի լարված պայքար պահանջող բարդ հրդեհաշիջման աշխատանքներ։
«Կառանձնացնեմ Ծարավ աղբյուր փողոցի շենքերի ավտոկայանատեղիում առաջացած հրդեհաշիջման աշխատանքները։ Տեղանքը շատ դժվար էր, հրդեհի օջախին հասնելը՝ նույնպես։ Թիմային աշխատանքի միջոցով մեկուսացնել և մարել ենք հրդեհը», -պատմում է Մխիթար Խուրշուդյանը։
Ջոկատի հրամանատարը մտաբերում է նաև Ճամբարակի հրդեհի դեպքը, երբ դժվարամատչելի տեղանքոմ հրշեջ-փրկարարները՝ մոտ 8 կմ ճանապարհ հաղթահարելով մեկուսացրել են հրդեհը։
Հրշեջ-փրկարարի ծառայությունը պահանջում է ամենօրյա նվիրում, անսասան կամք և շարունակական պատրաստվածություն։ Այն միայն մասնագիտություն չէ, այլ գիտակցված ընտրություն՝ չեզոքացնել վտանգը և մարդկանց օգնելու համար անել անհնարինը։
Հրշեջ-փրկարարական ջոկատի անդամներն անկեղծանում են՝ վաղուց գործընկերությունը վերածվել է ջերմ ընկերության։ Ամենօրյա ծառայությունը, ընդհանուր փորձությունները և վտանգի դեմ կողք կողքի մղվող պայքարը նրանց միավորել են ոչ միայն որպես թիմակիցների, այլև որպես մարդկանց, ովքեր վստահում են միմյանց ամենաթանկը՝ կյանքը։
Հրշեջ-փրկարար Գևորգ Խաչատրյանի խոսքով՝ ամենավտանգավոր պայմաններում, ջոկատի անձնակազմն է իր կողքին և նման իրավիճակներում է երևում իրական ընկերությունը։
Ջոկատի հրամանատարը նշում է, որ թեև պարգևներն ու խրախուսական գնահատականները կարևոր են յուրաքանչյուր ծառայողի համար, բայց ամենամեծ գնահատանքը քաղաքացիների վստահությունն ու երախտագիտությունն է։
Այդ գիտակցությամբ էլ Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատի անձնակազմը շարունակում է իր ամենօրյա ծառայությունը՝ պատրաստ արձագանքելու յուրաքանչյուր ահազանգի, հաղթահարելու ամենաբարդ փորձությունները և լինելու այնտեղ, որտեղ օգնության կարիքն ամենամեծն է։










