ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 16-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր՝ հետևելու ուսանողների կացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ավարտական փուլին։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի և Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանը շրջել է նորակառույց կացարանի տարածքում, ծանոթացել արդեն իրականացված և ընթացիկ աշխատանքներին։

Նախարարին են ներկայացվել շինարարության իրականացման ժամանակացույցը, ինչպես նաև առաջիկա փուլերում նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները։

Արփինե Սարգսյանը կարևորել է բարձր որակի ապահովմամբ, նախագծային լուծումներին ու նորմերին լիարժեք համապատասխանությամբ շինարարական աշխատանքների իրականացումը։

Նա հանձնարարել է ապահովել աշխատանքների բոլոր փուլերի պատշաճ կազմակերպումն ու ժամկետների խիստ վերահսկողությունը։

ՆԳ նախարարը ընդգծել է, որ ծրագրի հաջող իրականացումը կարևոր նշանակություն ունի կրթահամալիրի ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սովորողների համար անվտանգ, ժամանակակից և հարմարավետ կենցաղային պայմանների ստեղծման տեսանկյունից։

Այցի շրջանակում Արփինե Սարգսյանը ներկա է գտնվել նաև ապագա պարեկների ուսումնական գործընթացին։ Նա զրուցել է սովորողների հետ, ծանոթացել նրանց կատարած առաջադրանքներին և մասնակցել դասապրոցեսին։

Արփինե Սարգսյանը կարևորել է կրթության որակի բարելավմանն ուղղված հետևողական քայլերը՝ նշելով, որ իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն ձևավորելու մասնագիտական պատրաստվածությամբ, պատասխանատվության բարձր զգացում ունեցող և քաղաքացիների կարիքներին արձագանքող ծառայողներ, որոնք իրենց գործունեությամբ կնպաստեն հանրային անվտանգության ապահովման և հասարակության վստահության ամրապնդման գործընթացին։

Ապագա պարեկները նախարարին ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հետադարձ կապը՝ ուսուցման որակի, կիրառվող մեթոդների, կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների վերաբերյալ։

Նմանատիպ գրառումներ