«Արդյո՞ք բարձր են նոր կենսաչափական փաստաթղթերի արժեքները։ Ինչպե՞ս գնահատել։ Նոր կենսաչափական նույնականացման քարտն արժենալու է 5950 դրամ, անձնագիրը՝ 28 650 դրամ։

Նոր համակարգը քաղաքացուն ընձեռելու է ճշգրիտ նույնականացման հնարավորություն և իրավական ինքնության ու տվյալների բարձրագույն պաշտպանություն։
Բացելու է թվային հանրային ծառայությունների դռները, ազատելու է տարբեր գերատեսչությունների միջև տվյալներ փոխանցելու բեռից։ Սպասարկումը լինելու է ժամանակակից գրասենյակներում և արժանապատիվ պայմաններում։ Այն համեմատելի չէ հին նմուշի անձնագրի 1000 դրամ պետական տուրքի հետ․ նախկին կենսաչափական անձնագրերի արժեքի հետ համեմատել կարող ենք: Հիշեցնեմ՝ դրանք արժեին 25 000 դրամ, սակայն կրիչներն աշխարհում փոխճանաչելի չէին, փաստաթղթի պաշտպանությունը ցածր էր։ Այժմ ենթակառուցվածքը սերտիֆիկացվում է եվրոպական բարձրագույն ստանդարտով․ այս փաստաթղթերը մրցելու են աշխարհում ամենաորակյալ անձնագրերի հետ։

Իսկ ինչո՞ւ կլորացված՝ 6000 և 30 000 դրամ չեն սահմանվել փաստաթղթերի պետական տուրքերը։

Այն պարզ պատճառով, որ մրցույթում հաղթած լավագույն գնառաջարկն ինքնին մենք սահմանել ենք որպես պետական տուրք։ Սա մասնավորի կողմից առաջարկված ինքնարժեքն է։

Պետության կողմից առաջարկված գնին ավելացվել է զրո դրամ։

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ նոր նմուշի կենսաչափական նույնականացման քարտը պարտադիր է լինելու 16 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ անձնագիրը նախատեսված է լինելու բացառապես ճամփորդելու նպատակով։

Հետևաբար, եթե չունեք սահմանահատման ծրագրեր, նոր նմուշի կենսաչափական անձնագիր ձեռք բերելու կարիք չի լինի»։

Նմանատիպ գրառումներ