Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստին ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ներկայացրել է կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Դավիթ Համբարյանը հայտնեց, որ նախկինում կազմակերպություններն իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում էին թղթային եղանակով, որը լիազոր մարմնի կողմից վերահսկման տեսանկյունից դժվարություններ է առաջացնում։ Նոր փոփոխություններով նախատեսված է, որ հաշվետվությունները կներկայացնեն էլեկտրոնային եղանակով, ինչն առավել վերահսկելի կդառնա լիազոր մարմնի կողմից իրականացվող հսկողության ընթացքում: Դավիթ Համբարյանը նշել է, որ կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին սահմանված ժամկետներում եւ կարգով ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն չներկայացնելու դեպքում նախատեսվել է վարչական պատասխանատվություն․ վերահսկողությունն իրականացվելու է համապատասխան ոլորտների տեսչական մարմինների կողմից, որոնք էլ համապատասխան ստուգումների հիման վրա հարուցված վարչական վարույթների արդյունքում պարտավոր են լինելու կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել: