Օգոստոսի 23-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Մասնակցում էին տարբեր նախարարություններից ու պետական մարմիններից հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներ։
ՀՀ կառավարությունը օգոստոսի 15-ին հաստատել էր Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման կարգը:
Նիստը կազմակերպվել էր ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների վերաբերյալ Կառավարությանն ամփոփ տվյալների տրամադրումն ապահովելու և շարժական գույքին պատճառված վնասները գնահատող փորձագիտական կազմակերպությունների կատարած փորձաքննության արդյունքում տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի վերաբերյալ եզրակացությունները հաստատելու նպատակով։ Նշենք, որ արդեն իսկ առկա են վնաս կրած բոլոր տրանսպորտային միջոցների փորձաքննության եզրակացությունները։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը և անդրադարձել համապատասխան կազմակերպությունների կողմից իրականացված տրանսպորտային միջոցների փորձաքննությունների եզրակացություններին՝ նշելով, որ փորձաքննությունների արդյունքում հաստատվել են պատճառված վնասի և տրամադրվող փոխհատուցման օբյեկտիվ չափեր, որոնք երաշխավորում են տրանսպորտային միջոցի ձեռք բերման կամ դրա վերանորոգման համար
համարժեք փոխհատուցման տրամադրումը:
Հանձնաժողովի անդամներն ամփոփել և ձայների մեծամասնությամբ հաստատել են վնասված կամ կորսված շուրջ 200 տրանսպորտային միջոցների տվյալներ։
Նշենք, որ փոխհատուցումը տրամադրվելու է միայն ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի համար։ Առաջիկայում հանձնաժողովի նիստում կամփոփվեն և կհաստատվեն նաև իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման տվյալները։
Հիշեցնենք, որ փոխհատուցում ստանալու համար ֆիզիկական անձինք կարող են դիմումներ ներկայացնել օգոստոսի 26-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։