Փետրվարի 19-ին տեղի է ունեցել «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման․ EU4IMPACT ARMENIA» ծրագրի աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը:
Ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Ծրագրի նպատակը միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին իրենց իսկ հիմնադրած կամ ստեղծվելիք բիզնեսների զարգացման հարցում աջակցելն էր:
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը միգրացիոն գործընթացների արդյունքում ձևավորված ներուժն առավել նպատակահարմար օգտագործելու հնարավորություն է։ Համադրելով տարբեր երկրներում ծրագրի առանձնահատկությունները՝ փոխնախարարը նշել է, որ այն Հայաստանում ամենալավ պայմաններն է առաջարկում շահառուներին: Նա նաև կարևորել է նմանատիպ ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը:
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով իրականացված աշխատանքներին, մասնավորապես բարձր է գնահատել ծրագրի ընդգրկուն աշխարհագրությունն ու հաջողված բիզնես-պատմությունները:
Կարևորելով ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցում Հայաստանի հետ կառուցողական երկխոսության շարունակականությունը, նա նաև նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները աննախադեպ փուլում են. Հայաստանը քայլ առ քայլ մոտենում է նախանշված նպատակակետին:
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ ընդգծել է ծրագրի առանցքային գաղափարի եզակիությունը:
Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ծրագրի շահառու գործարարների ներկայացրած ապրանքատեսակներին:
«ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման․ EU4IMPACT ARMENIA» չորսամյա ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ: