Մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների հայեցակարգերի քննարկման նպատակով օգոստոսի 26-ին անցկացվել է աշխատաժողով, որին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Մասնակցում էին ՆԳ նախարարության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներն ու ենթակա ծառայությունների ներկայացուցիչներ։

Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել «Ներքին գործերի նախարարության և ոստիկանության մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի գնահատում» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքներին միջազգային գործընկերների մասնակցությունը և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար։

ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ բարեփոխումների գործընթացում յուրաքանչյուր ծառայող առանցքային դերակատարում ունի և առանց մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարման հնարավոր չէ ապահովել զարգացում։
ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Զաքարի Բարտերը, արդյունավետ գործընկերության համար շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարությանը, պատրաստակամություն է հայտնել բարեփոխումների գործընթացում շարունակել ցուցաբերվող աջակցությունը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով ՆԳՆ աշխատակիցների հարցման գործընթացին, մարդկային ռեսուրսների կառավարման ինֆորմացիոն համակարգին, ինչպես նաև հայեցակարգային մոտեցումների ուղղությամբ կատարված աշխատանքներին, կարևորել է գործընկերների ներգրավվածությունն ու առաջարկությունների հավաքագրումը։

Միջազգային փորձագետ Լաուրի Տաբուրը ներկայացրել է ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի վերաբերյալ վեց երկրների լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքներն ու հայեցակարգային մոտեցումները։

Ոլորտի բարեփոխումները միտված են ձևավորելու այնպիսի անձնակազմ, որը կունենա համապատասխան կոմպետենցիաներով, բարձր պատասխանատվությամբ ու մոտիվացիայով աշխատակիցներ։
Այս և այլ կարևոր հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

Նմանատիպ գրառումներ