Սեպտեմբերի 4-ին՝ Փրկարարի օրը, Ազատության հրապարակում ցուցադրական հատուկ ուսումնավարժություն է իրականացվել, որին հետևել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին, ՆԳ նախարարին կից հասարակական և երիտասարդական խորհուրդների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Փրկարար ծառայության տնօրենի ուղեկցությամբ ՆԳ նախարարը և Երևանի քաղաքապետը ծանոթացել են Ծառայության տեխնիկական հագեցվածությանը, հանրային իրազեկման տաղավարում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ տպագրված ուղեցույցներին և թռուցիկներին:
Հաջորդիվ մեկնարկել է Փրկարար ծառայության՝ «Հակառակորդի օդային հարձակման դեպքում հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժությունը։
Ցուցադրական ուսումնավարժությանը ներգրավված էին նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, Շտապբուժօգնության աշխատակիցներ, Վեոլիաջուր, Երևանգազ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունների վթարային խմբեր։
Ըստ սցենարի՝ հակառակորդի օդուժի հարձակման ժամանակ վնասվել է Ալեքսանդր Սպենդարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, ինչի հետևանքով առաջացել է հրդեհ, հրապարակում չպայթած արկ է հայտնաբերվել, տեղի է ունեցել ավտովթար ու փլուզում, տուժել և արգելափակվել են քաղաքացիներ։
Հաղորդվում է դեպք-պատահարի մասին. օպերատիվորեն հրապարակ են ժամանում հրշեջ-փրկարարական ջոկատները։ Տարհանվում են թատրոնում մնացած քաղաքացիներն ու աշխատակիցները, վնասազերծվում է չպայթած արկը, դադարեցվում է քիմիական նյութի արտահոսքը, դուրս են բերվում ավտոմեքենայում արգելափակված քաղաքացիները, փլուզման հետևանքով տուժածին հատուկ սարքավորումներով օգնություն է ցուցաբերվում՝ փրկելով նրա կյանքը։
Առաջադրանքը կատարված է, խնդիրները՝ լուծված. մարդկային կորուստներ չկան։
Ուսումնավարժությանը հետևողների համար սա գուցե պարզապես ցուցադրական վարժանք է, իսկ փրկարարների համար՝ կենսակերպ։ Նրանց ամեն օրը լի է փորձություններով, դժվարություններով, հաջողության պատմություններով, փրկվածների երախտապարտ ու շնորհակալ հայացքներով։
Ուսումնավարժության ավարտին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ շնորհակալություն է հայտնել փրկարարներին անձնվեր ծառայության համար։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, շնորհավորելով Փրկարարի օրվա կապակցությամբ, պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տնօրենին և մի խումբ փրկարարների:
Միջոցառման ավարտին Ճգնաժամային կառավարման ակադեմիայի շրջանավարտ Յուրի Սաքունցը ատամներով քաշելով Փրկարար ծառայության երկու հրշեջ մեքենա՝ սահմանեց հերթական ռեկորդը և այն նվիրեց փրկարարներին:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին։