Սեպտեմբերի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
Ողջունելով հանձնակատար Կոսի այցը Հայաստան՝ նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որը շարունակաբար զարգանում է և ընդգրկում նոր ոլորտներ։
Խոսելով ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը նշել է Հայաստան այցելած ԵՄ առաքելությունների աշխատանքը, ինչը դրական ազդեցություն է ունեցել գործողությունների ընթացքի վրա։ Նա ներկայացրել է նաև բիոմետրիկ համակարգի ներդրման մանրամասները, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը սահմանների կառավարման, տեղահանված անձանց վերաինտեգրման և միգրացիոն քաղաքականության ոլորտներում։
Հանձնակատար Կոսը կարևորել է ՀՀ ներքին գործերի համակարգում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով ԵՄ-ի շարունակական աջակցությունը դրանց իրականացման գործում։ Նա նշել է ԵՄ-ի կողմից ավելի քան 200 միլիոն եվրո աջակցության մասին։ Ի թիվս այլ ոլորտների աջակցությունն ընդգրկելու է նաև Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր հենասյունային ուղղություններից՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը։ Հանձնակատարը բարձր է գնահատել ՆԳ նախարարության համակարգող դերը վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ նշելով, որ գործողությունների ծրագիրը վերջնականացման փուլում է։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև «AEGIS» ծրագրի հաստատման համար, որի շրջանակում նախատեսվում է շուրջ 4.5 միլիոն եվրոյի ներդրում՝ ուղղված Փրկարար ծառայության և Ոստիկանության արդիականացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, «Դիմակայունության և զարգացման պլանի» ֆինանսական և գործառնական բաղադրիչների համադրման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը, նաև համատեղ աշխատանքը ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ։