Պարեկային ծառայողները սեպտեմբերի 24-ին հյուրընկալվել էին Հանրային հեռուստաընկերությունում: Հաղորդակցման հմտությունների և խոսքի մշակույթի կատարելագործմանն ուղղված հերթական ոչ ֆորմալ հանդիպումից առաջ նրանք ծանոթացան հեռուստաընկերության աշխատանքային առօրյային։

«ՆԳՆ կողմից կազմակերպված այս հանդիպումների շարքը տալիս է իր դրական արդյունքը։ Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում տարբեր մասնագետների հետ, ովքեր մեզ օգնում են հմտացնել մեր հաղորդակցման հմտությունները»,- նշել է Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկ Իլյա Սարգսյանը։

Առաջին ալիքի մեդիա ակադեմիայի գործադիր տնօրեն Հրաչուհի Ութմազյանը խոսել է պարեկային ծառայող-քաղաքացի հաղորդակցության բարելավման, հասարակության կողմից հանրային խոսքի ընկալումների և կարծրատիպերի մասին։

«Ինձ, անկեղծ ասած, շատ զարմացրեց մասնակիցների ներգրավվածությունը։ Նախապես խոսել էինք, որ անպայման հարցերով գան, որպեսզի ես կարողանամ իրենց անհանգստացնող բոլոր թեմաներին անդրադառնալ։ Ես շատ ուրախացա, որ իսկապես այսօր հարցաշատ էր հանդիպումը և հուսամ, որ իր արդյունքները կունենա»,- նշել է Առաջին ալիքի մեդիա ակադեմիայի գործադիր տնօրեն Հրաչուհի Ութմազյանը։

Պարեկները խոսել են ծառայության ընթացքում հանդիպած դեպքերի մասին, վերլուծել օրինակներ ու վարքագծային դրսևորումներ, կիսվել կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ կառավարման իրենց փորձով։

Հրաչուհի Ութմազյանն ընդգծել է, որ կոնֆլիկտային իրավիճակներում վարքի կառավարումն ու էմոցիոնալ ինտելեկտը առանձնահատուկ նշանակություն ունեն. հաղորդակցության արդյունավետությունը մեծամասամբ կախված է խոսքի մատուցման ձևից:

«Ունեցանք շատ հետաքրքիր հանդիպում։ Մեզ հուզող հարցերի պատասխանները ստացանք, որը կարող ենք օգտագործել մեր հետագա ծառայության ընթացքում։ Հուսով եմ նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն»,- նշել է ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկ Հասմիկ Մուրադյանը։

ՆԳ նախարարությունը կարևորում է պարեկային ծառայողների հաղորդակցման մշակույթի լավարկմանն ուղղված թեմատիկ քննարկումները՝ այն համարելով մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործման գործիք:

Նմանատիպ գրառումներ