ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Կլաուս Բեքի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել ձևավորված ինտենսիվ և արդյունավետ համագործակցությունը՝ որպես գործընկերային կարևոր հիմք ոլորտային բարեփոխումների առաջխաղացման համար։

Արմեն Ղազարյանը, անդրադառնալով Ոստիկանության և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին, ընդգծել է դրանց կարևորությունը հանցավորության կանխարգելման, օտարերկրացիների նկատմամբ խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև օրակարգային այլ խնդիրների արդյունավետ լուծման տեսանկյունից։

Միգրացիոն ոլորտի բարեփոխումներին անդրադառնալով՝ փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանը վերջին տարիներին մշակել է համապարփակ ռազմավարություն, որն ընդգրկում է միգրացիայի կառավարման ոլորտի հարցերը։ Փոխնախարարը խոսել է նաև ՆԳՆ ենթակա ծառայությունների բարեփոխումների, օրենսդրական նախաձեռնությունների և համագործակցության ընդլայնման մասին։

Անդրադառնալով թվային գործիքների կիրառման անհրաժեշտությանը՝ նա նշել է, որ, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, նախատեսվում է համատեղ մշակած թվային լուծումների՝ այդ թվում ընտանեկան բռնության կանխարգելմանը միտված գործիքների ամբողջական ինտեգրումը ՆԳՆ առօրյա աշխատանքային պրակտիկայում, մասնավորապես՝ Համայնքային ոստիկանության գործունեության շրջանակում։

Անդրադարձ է կատարվել նաև Safe YOU հավելվածի գործառնությանն առնչվող հարցերին։ Հավելվածը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ միտված ընտանեկան բռնության ենթարկված անձանց անվտանգությունն ապահովելուն, բռնության կանխարգելման մեխանիզմների ուժեղացմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը։

Կլաուս Բեքը բարձր է գնահատել ՆԳ նախարարության համակարգմամբ իրականացվող աշխատանքներն ու այդ նախաձեռնությունները համակարգային ու կայուն դարձնելու ուղղությամբ ներդրված ջանքերը։

Կարևորելով ծրագրերի համապարփակ իրականացումն ու մշտապես նոր գաղափարների ներդրումը՝ նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը:

Քննարկվել են նաև ՆԳՆ և ենթակա ծառայությունների աշխատակիցների կարողությունների ու հմտությունների զարգացմանը միտված վերապատրաստումների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել արդյունավետ համագործակցությունը։

Նմանատիպ գրառումներ