
ՆԳ նախարարության, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության Ոստիկանության մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների վերաբերյալ միջազգային համաժողով։
Մասնակցել են ՆԳ նախարարության, Ոստիկանության, ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի, ՄԱԶԾ ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն իր խոսքում բարձր գնահատելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը՝ ընդգծել է, որ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու ոլորտի զարգացումը առանցքային նշանակություն ունեն ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների գործընթացում։
Ըստ փոխնախարարի՝ բարեփոխումների ժամանակ մարդկային ռեսուրսն անկյունաքարային է։ Նա նշել է, որ մարդկային ռեսուրսի պրոֆեսիոնալիզմն ու կոմպետենտությունն է ապահովում բարեփոխումների արձանագրած հաջողությունները։ Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ կարևոր են մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման բոլոր փուլերը՝ այդ թվում հավաքագրման, առաջխաղացման, կրթության ու վերապատրաստումների և այլ կարևոր ուղղությունները:
Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենն անդրադառնալով ձևավորված սերտ համագործակցությանը՝ վստահեցրել է, որ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները իրականացվելու են արդյունավետ և համակարգված՝ անկախ համակարգերի գործառնական և օրենսդրական տարբերությունից:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին իր խոսքում ընդգծել է, որ նպատակային փոխգործակցության շրջանակում կարևոր է, մասնավորապես, միջազգային լավագույն փորձի տեղայնացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս տեղական պայմաններին հարմարեցված պրակտիկաների ներդրմամբ զարգացնել ոլորտը, բարձրացնել մասնագետների հմտությունները։
Բանախոսներն անդրադարձել են առանցքային մի շարք թեմաների, մասնավորապես՝ ՆԳ նախարարության և մարդկային ռեսուրսների բարեփոխումներին, ԵՄ երկրների ոստիկանական համակարգերի փորձին։
Քննարկվել են կոմպետենցիաների վրա հիմնված հավաքագրման և վերապատրաստման գործընթացի գերմանական և էստոնական փորձն ու մոտեցումները, արժանիքների վրա հիմնված գնահատման և խթանման համակարգերը Իսպանիայում և Էստոնիայում, ինչպես նաև Ռումինիայի փորձն ու մոտեցումները ոստիկանական համակարգում աշխատանքային ճկուն կարգավորումների և հետծառայողական սահմանափակումների համատեքստում։
Համաժողովը հնարավորություն էր մեկտեղելու միջազգային լավագույն փորձն ու տեղական առաջնահերթությունները՝ ի նպաստ ՆԳՆ Ոստիկանության մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների և շարունակական բարեփոխումների։


































