
Դեկտեմբերի 2-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Ազգային օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է ԱՄԷ Ազգային տոնի կապակցությամբ։
Ելույթն ամբողջությամբ՝ ստորև.
Ձերդ գերազանցություն, Արաբական Միացյալ էմիրությունների մեծարգո դեսպան տիկին Նարիման Ալ-Մուլլա,
Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմինների հարգարժան ներկայացուցիչներ,
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հարգարժան դիվանագետներ,
հարգելի՛ հյուրեր,
տիկնայք և պարոնայք,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 54-րդ տարեդարձը:
Ինձ համար պատիվ է այսօր ներկա գտնվել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային օրվան նվիրված ընդունելությանը։
Արաբական Միացյալ Էմիրությունները ավանդաբար եղել և շարունակում է մնալ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող երկիր: Հայաստանն ուշադիր հետևում է ԱՄԷ-ի ներքին և արտաքին քաղաքականությանը թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ հարթակներում և տպավորված է Ձեր երկրի ղեկավարության և պետական ինստիտուտների հաջող աշխատանքով:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրները կառուցել են ամուր և դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցություն՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով ինչպես միջպետական, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա: Այս հանգրվանում կարևոր է վերարժևորել համատեղ անցած ուղին, գնահատել կատարված աշխատանքը և նախանշել առաջիկա ուղղությունները:
Անցած տարիների ընթացքում ծավալված հայ-էմիրաթական արգասաբեր փոխգործակցության արդյունքում գրեթե բոլոր բնագավառներում գրանցվել են նշանակալի ձեռքբերումներ՝ մի քանի տասնյակ բարձրաստիճան փոխայցելություններ, բազմաթիվ գործարար հանդիպումներ, երկուստեք մասնակցություն համաժողովներին և ցուցահանդեսներին, համագործակցություն միջազգային կազմակերպություններում։
Բավարար է միայն նշել, որ ԱՄԷ Հայաստանի Հանրապետության երկրորդ առևտրային գործընկերն է և գրանցվող ցուցանիշները տարեցտարի միայն բարելավվում են:
Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է իր տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավել էմիրաթական ներդրումներ, և ես գոհունակությամբ պետք է նշեմ, որ այդ ուղղությամբ երկուստեք մեծ աշխատանքներ են տարվում:
Լիահույս եմ, որ այս բնագավառում նույնպես մոտ ապագայում հաջողություններ կարձանագրենք:
Մեր երկրների միջև ստորագրվել է շուրջ երեսուն կարևոր փաստաթուղթ՝ ձևավորելով իրավապայմանագրային ամուր հիմք երկու կառավարությունների միջև ընդլայնված համագործակցության համար: Ջերմությամբ եմ հիշում այս տարի Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցս, որի ընթացքում պատիվ ունեցա հանդիպելու ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, իսկ գործընկերոջս՝ շեյխ Սեյֆ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ստորագրեցինք երկու երկրների վարորդական իրավունքների փոխճանաչման վերաբերյալ փոխըմբռնման համաձայնագիրը, որը վստահ եմ կդյուրացնի մեր երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունները:
ՀՀ և ԱՄԷ-ի միջև շարունակաբար ավելանում են զբոսաշրջային հոսքերը, երկու ժողովուրդների միջև անմիջական շփումները, որի վառ ապացույցներից է այս պահին շաբաթական շուրջ 30 ուղիղ չվերթների առկայությունը։ ԱՄԷ հայ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից մեկն է և ուրախ ենք արձանագրել, որ հաստատուն կերպով աճում է նաև էմիրաթցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ:
Ցանկանում եմ նաև արտահայտել իմ բարձր գնահատանքը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և անձամբ Ձեզ, տիկին Ալ-Մուլլա, արգասաբեր աշխատանքի և ակտիվ գործունեության համար: Տիկին դեսպան, Դուք պաշտոնը ստանձնելուց ի վեր ջանք չեք խնայում հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների զարգացման համար, որի արդյունքները ակնառու են թե՛ քաղաքական, թե՛ առևտրատնտեսական, թե՛ սոցիալ-հումանիտար և այլ բնագավառներում:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ընդգծել, որ թեև Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև թե՛ քաղաքական, թե՛ առևտրատնտեսական, թե՛ մշակութային փոխգործակցությունը շարունակաբար զարգանում է, հավատացած եմ, որ դեռևս առկա է հարաբերությունների խորացման չբացահայտված ներուժ:
Վստահ ենք, որ համատեղ ջանքերով մեր երկու երկրների պետական մարմինների համագործակցությունը հնարավոր կլինի ինստիտուցիոնալ կերպով իրացնել և սերտացնել՝ նպաստելով հայ-էմիրաթական փոխգործակցության ընդգրկուն օրակարգի խորացմանն ու ամրապնդմանը՝ բարձրացնելով հարաբերություններն ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակի:
Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնը՝ մաղթելով մեր բարեկամ երկրին հարատև խաղաղություն, բարգավաճում և շարունակական զարգացում։
Շնորհակալություն:










