ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական պլանավորման վարչության պետի անվտանգային ոլորտի համագործակցության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման, հակազդման, ՆԱՏO-ի հարցերով տեղակալ Քրիս ՄքՔինի գլխավորած պատվիրակությանը։

Բարձր գնահատելով ձևավորված սերտ համագործակցությունը` Արմեն Ղազարյանը այդ համատեքստում կարևորել է Փրկարար ծառայության անձնակազմի և տեխնիկական կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում։ Նա նշել է, որ համատեղ իրականացվող ծրագրերն ունեն դրական արձագանք, և կարևոր է, որ լինեն շարունակական՝ ի նպաստ համընդհանուր օրակարգի։

Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեն պետական կառույցների փոխգործակցությունը, ռեսուրսների ճիշտ բաշխումն ու ժամանակակից տեխնիկական լուծումների կիրառումը։

ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ներկայացնելով բարեփոխումների շրջանակում իրականացվող ծրագրերը՝ անդրադարձել է միջազգային գործընկերների հետ համագործակցության դինամիկային և հեռանկարային ուղղություններին։ Նա նշել է, որ արտակարգ իրավիճակներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով Փրկարար ծառայությունը շարունակաբար կատարելագործում է տեխնիկական բազան և մասնագիտական ներուժը՝ անցկացնելով ուսումնավարժանքներ, գործնական պարապմունքներ, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետ միջազգային չափորոշիչներին համապատասխան համալիր ուսումնավարժություններ։

Քրիս ՄքՔինն իր խոսքում նշել է, որ համագործակցության արդյունավետության վերլուծությունը և գնահատումը առաջնահերթությունները վերաարժևորելու հնարավորություն են: Նա քաղաքացիական անվտանգության ոլորտում համագործակցությունը նոր թափով վերսկսելու պատրաստակամություն է հայտնել:

Պատվիրակության անդամները Փրկարար ծառայությունում ծանոթացել են ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում կիրառվող տեխնիկական միջոցներին։ Մասնավորապես՝ ցուցադրվել են վարակազերծման համար նախատեսված գույքը, հետախուզական սարքերը, շնչառական ապարատները, տրանսպորտային միջոցները և այլն:

Կողմերը բնակչության անվտանգության մակարդակի բարձրացմանը և աղետների ռիսկի նվազեցմանը ուղղությամբ համատեղ ծրագրերը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:

Նմանատիպ գրառումներ