
Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հանդիպման բանախոսը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն էր։
Առաջնորդության զարգացման համատեքստում՝ նախարար Սարգսյանը խոսել է պետական համակարգում կարիերայի առաջխաղացման հնարավորությունների մասին:
Նախարարը շեշտադրել է, որ առաջնորդությունն ի սկզբանե ընկալվում է որպես հեղինակություն և ուժ, միաժամանակ ընդգծել է, որ այն նախևառաջ դժվար իրավիճակներում առաջ գնալու, չնահանջելու և թիմին առաջ տանելու մասին է։
Նախարարի խոսքով՝ տարբեր մարտահրավերների ու կարծրատիպերի հաղթահարումը կարևոր դեր են ունեցել առաջնորդական հմտությունների ձևավորման գործում՝ նպաստելով կոնկրետ իրավիճակներում որոշումներ կայացնելու ունակության զարգացմանը։
Քննարկվող թեմաների շրջանակը լայն էր` անվտանգային մշակույթ, հանցավորության, ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքար, ոստիկան-քաղաքացի երկխոսություն և նախարարության ոլորտային ուղղություններին առնչվող այլ հարցեր։
Քննարկվել են կանխամտածված ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ պահանջվող աշխատանքները՝ ի համեմատություն կենցաղային վեճերի և դրանց վերաճմանը՝ ծանր հանցագործության։ Ուսանողները ներկայացրել են հանրային ընկալումների վերափոխման ու վարքագծային փոփոխությունների ուղղությամբ առաջարկություններ։
Ըստ նախարարի՝ քաղաքացիներից ստացվող արձագանքների հավաքագրումն ու վերլուծությունը հնարավորություն են տալիս բացահայտելու լավարկման նոր շերտեր։ Միևնույն ժամանակ նա կարևորել է իրավիճակը բովանդակային տեսանկյունից գնահատելը, ինստիտուցիոնալ մոտեցումներով առաջնորդվելը, քանի որ հաճախ հանրությունից եկող արձագանքը ամբողջությամբ չի արտացոլում կատարված աշխատանքները, երբեմն նույնիսկ ձևախեղումներ և թյուրըմբռնումներ են արձանագրվում։ Այս իրավիճակներում հանրային ակնկալիքները կառավարելու և կարծրացած պատկերացումները փոխելու խնդիր է բացվում։
Անդրադառնալով կարծատիպեր կոտրելու սեփական փորձին՝ նախարարը նշել է, որ պետական համակարգում պաշտոն զբաղեցնելը կամ պաշտոնավարելու արդյունավետությունը բացառապես պայմանավորված է անհատի կառավարման հմտություններից, պատասխանատվությունից, թափանցիկ գործելաոճից և առաջնորդության մոդելից։
Խոսելով միջազգային գործընկերների հետ բազմակողմ համագործակցության մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այն հիմնվում է բաց և ազնիվ գործընկերային հարաբերությունների վրա, որտեղ յուրաքանչյուր նախաձեռնություն գնահատվում է իրական ազդեցությամբ և գրանցված արդյունքներով։ Մասնակիցներն այս առիթով հարց են հնչեցրել առ այն, որ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը միջազգային գործընկերների կողմից հատուկ ընդունելության է արժանանում, մասնավորապես վկայակոչելով Արաբական Միացյալ Էմիրություններ կատարված այցը և հետաքրքրվել են, թե ինչով է դա պայմանավորված։
Նախարարն արձագանքել է, որ բարձրակարգ ընդունելությունը ծավալուն համագործակցության, փոխվստահության և մեծ ակնկալիքների մասին է։






























