ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի նախագահությամբ դեկտեմբերի 16-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը» թեմայով ներգերատեսչական աշխատանքային խմբի նիստ:

Մասնակցում էին ՆԳՆ հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի, Պետական ռեզերվների գրասենյակի, ՆԳՆ կրթահամալիրի ներկայացուցիչներ, Ոստիկանության և ՓԾ ծառայողներ։

Ընդգծելով գործողությունների ծրագրի իրականացման գործընթացի օբյեկտիվ գնահատումն ապահովելու, առկա խնդիրները վեր հանելու և դրանք լուծելու ուղղությամբ համատեղ առաջարկությունների կարևորությունը՝ Կամո Ցուցուլյանը նշել է, որ ներգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպման նպատակը բարեփոխումների ռազմավարության շարունակականությունն ապահովելն է:

«Վեր հանելով առկա խնդիրները, բացթողումներն ու դրանց պատճառները, հստակեցնելով միջգերատեսչական լուծումներ պահանջող քայլերը՝ հնարավորություն կունենանք ձևակերպել 2026 թվականի համար համաձայնեցված և իրագործելի գործողությունների շրջանակը և ապահովել ծրագրի համակարգված զարգացումը»,-նշել է Կամո Ցուցուլյանը։
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Մերուժան Խաչատրյանը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի ընթացքը, ձեռքբերումներն ու առկա խնդիրները:
Աշխատանքային խմբի անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են աղետների ռիսկի կառավարման ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, դրանց ընթացքում առաջացած խնդիրներն ու լուծման վերաբերյալ իրենց առաջարկությունները։

Նիստում քննարկվել են աղետների ռիսկի կառավարման օրենսդրության բարելավման, աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման համակարգի ձևավորման, արտակարգ իրավիճակներում պաշտպանվածության մակարդակի բարձրացման, հետաղետային կարիքների գնահատման և վերականգման, կամավորական գործունեության զարգացման, զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերում աղետների ռիսկի կառավարման բաղադրիչների ներառման և մի շարք այլ հարցեր:

ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ամփոփիչ խոսքում հորդորել է հետևողականորեն աշխատանքներ իրականացնել ռազմավարությամբ սահմանված բոլոր ուղղություններով, կատարված աշխատանքի և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ, ինչը թույլ կտա գործնականում ծագող խնդիրներին արձագանքել ժամանակին:

Նմանատիպ գրառումներ