
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինին:
Նախարար Սարգսյանը նշանակման կապակցությամբ շնորհավորելով դեսպանին՝ վստահություն է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում երկու երկրների Ներքին գործերի նախարարությունների համագործակցությունը նոր արդյունքների կհանգեցնի։
Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է, որտեղ ինքն իրեն անվտանգ է զգում։ Առանձնահատուկ շեշտվել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Կատարի Պետությունը, միջազգային տարբեր վարկանիշային ցուցանիշներով, մշտապես ընդգրկվում են աշխարհի ամենաապահով երկրների շարքում, ինչը կարևոր հիմք է ներքին անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման համար։
Քննարկվել են զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովման, աղետների ռիսկի կառավարման ու դիմակայունության բարձրացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները, ինչպես և վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ համակարգի ծառայողների վերապատրաստման հարցերին․ այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կատարի Պետության Կիբեռակադեմիայում Հայաստանի ոստիկանների մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին։
Կողմերը վերահաստատել են տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։















