Արդեն երկրորդ տարին անցկացվող ՆԳՆ տարեկան համաժողովը մեկտեղում է օրենսդիր և գործադիր իշխանության, միջազգային գործընկեր կառույցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ հնարավորություն տալով ոչ միայն արձանագրելու ձեռքբերումները, այլև բաց և կառուցողական երկխոսության միջոցով վերհանելու բացթողումներն ու նախանշելու դրանց հաղթահարման արդյունավետ մեխանիզմներ։

Համաժողովի շրջանակում կայացած «Հանրային անվտանգության ամրապնդումը կանանց առաջնորդության և համայնքային մասնակցության միջոցով» խորագրով պանելային քննարկման առանցքում ինստիտուցիոնալ և սոցիալական այն գործոնների վերլուծությունն էր, որոնք նպաստում են համակարգում կանանց դերի արժևորմանն ու հանրային վստահության ամրապնդմանը:

Քննարկման բանախոսներն էին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը և Պարեկային ծառայության պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Մարիամ Կարապետյանը։

Պանելային քննարկման մոդերատոր, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանն առանցքային է համարել ինստիտուցիոնալ միասնական համակարգի ձևավորումը։ Նա ընդգծել է, որ ոստիկանության, միգրացիոն և փրկարար ծառայությունների համախմբումը մեկ կառույցի ներքո տարիներ շարունակ եղել է բարեփոխումների օրակարգի գլխավոր պահանջներից մեկը:

Բանախոսներն ընդգծել են, որ ՆԳՆ վերակազմավորումն էապես բարձրացրել է խորհրդարանական վերահսկողության մակարդակը: Ազգային ժողովում պարբերաբար անցկացվող հարցուպատասխանները դարձել են հանրության և նախարարության միջև երկխոսության արդյունավետ հարթակ:

Նշվել է նաև, որ ռեֆորմի հաջողությունը չի արձանագրվում միայն վիճակագրական տվյալներով կամ օրենսդրական փոփոխություններով. համակարգի առանցքում մարդն է, իսկ վերափոխումը դյուրին գործընթաց չէ. այն պահանջում է ինչպես հստակ քաղաքական կամք, այնպես էլ աշխատակազմի աներկբա հավատն ու վստահությունը ընտրված ռազմավարական ուղու հանդեպ։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը շեշտել է, որ հանրային լայն սպասումները թույլ չեն տալիս սահմանափակվել միայն երկարաժամկետ ծրագրերով, ուստի որդեգրվել է միաժամանակյա՝ օպերատիվ լավարկումների և ֆունդամենտալ բարեփոխումների ռազմավարություն։ Նա նաև կարևորել է միջազգային աջակցության ինստիտուցիոնալացումը, որտեղ յուրաքանչյուր վերապատրաստում վերածվում է կայուն կրթական մոդուլի՝ ապահովելով բարեփոխումների շարունակականությունն ու համակարգային զարգացումը։

Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում և ուժային կառույցներում վաղուց դուրս է եկել միայն քվոտաների ապահովման տիրույթից։ Կանայք գործնականում ապացուցել են իրենց մասնագիտական գիտելիքների և հմտությունների մրցունակությունը։ Ավելին, նրանց բնորոշ բարձր զգայունությունը խնդիրների նկատմամբ ոչ թե խոչընդոտ է, այլ առավելություն։ Սա հատկապես առանցքային նշանակություն ունի խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքներում, որտեղ անհրաժեշտ է մարդակենտրոն և հոգատար մոտեցում։

Այս տեսանկյունից բարեփոխումները պարարտ հող են ստեղծել, որպեսզի կինն այլևս չընկալվի որպես «թույլ օղակ», այլ դիտարկվի որպես բարձր որակավորում ունեցող մասնագետ։ Որպես արդյունք ընդգծվել է, որ ոստիկանությունում կին ծառայողների թվի աճն ուղղակիորեն նպաստել է ընտանեկան բռնության դեպքերով դիմելիության կրկնակի ավելացմանը, ինչը համակարգի հանդեպ հանրային վստահության բարձրացման առանցքային ցուցիչ է։

Ամփոփելով՝ բանախոսները նշել են, որ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման առանցքային գործոնը կրթությունն է և քաղաքացու հանդեպ վերաբերմունքի արմատական փոփոխությունը։ Այդ նպատակով կարևորվել է միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող վերապատրաստումները ՆԳՆ կրթահամալիրում։

Պանելային քննարկումը եզրափակվել է երկխոսությամբ։ Բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես բարեփոխումների գաղափարաբանությունից գործնական կիրառման անցմանը, այնպես էլ համակարգի ներառականությանն ու հանրային հաշվետվողականության հետագա քայլերին։

Նմանատիպ գրառումներ