ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 16-ին Ազգային ժողովում ներկայացրել է 2025 թվականի Կառավարության ծրագրով նախարարությանը վերապահված միջոցառումների իրականացման ընթացքն ու արձանագրված արդյունքները։

Նախարար Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է․
✅Անկախության հաստատումից ի վեր առաջին անգամ՝ 2025 թվականին, արձանագրվել է ՀՀ քաղաքացիների միգրացիոն դրական սալդո։ Սա երկրում հաստատված խաղաղության և իրականացվող համակարգային բարեփոխումների արդյունքն է, որի շնորհիվ արտագաղթի երկարամյա միտումը փոխակերպվել է ներգաղթի։

✅Հայաստանն այս պահին միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման շուրջ ակտիվ երկխոսություն։ Հատկանշական է, որ մեր երկիրը ռեկորդային սեղմ ժամկետում արդեն ստացել է Գործողությունների ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ներդնել ԵՄ չափանիշներին համապատասխանող նոր կենսաչափական համակարգ։

✅Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում իրականացվել է աննախադեպ ծավալի թվայնացում. ներդրվել են տրանսպորտային միջոցների առուվաճառքի առցանց հարթակը, թվային վարորդական վկայականների համակարգը, ինչն էապես բարձրացրել է քաղաքացիների սպասարկման արդյունավետությունն ու հասանելիությունը։

✅Հայաստանը դասվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքին. ըստ World Travel Index-ի՝ մեր երկիրը ճամփորդության համար ապահովության ցուցանիշով 193 պետությունների շարքում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը:

✅Ներքին անվտանգության համատեքստում արձանագրվել է հանցավորության ընդհանուր մակարդակի 3.2% նվազում, ինչը իրավապահ համակարգի համակարգված և արդյունավետ աշխատանքի արդյունքն է։

✅Չնայած տրանսպորտային միջոցների թվաքանակի աճին՝ հետևողական վարչարարության և իրականացված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ճանապարհներին խնայվել է 95 կյանք։

✅Ոլորտային բարեփոխումների արդյունավետության մասին է փաստում նաև հանրային վստահության աճը, որը ոստիկանության նկատմամբ հասել է 61%-ի։

✅Չնայած արտակարգ դեպքերի և պատահարների թվի աճին՝ 2025 թվականին դրանց հետևանքով տուժածների թիվը նվազել է 1601-ով, իսկ զոհերի թիվը՝ 59-ով։

✅ Որդեգրվել է զրոյական հանդուրժողականություն քրեական ենթամշակույթի ցանկացած դրսևորման նկատմամբ՝ որպես իրավական պետության ամրապնդման առաջնահերթություն։ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ թմրամիջոց։

✅Ձևավորվել է ՆԳՆ միասնական կրթահամալիրը, որտեղ վերապատրաստված 13 000 ծառայողների թիվը փաստում է կրթության որակի նոր նշաձողի մասին։ Ատեստավորման գործընթացի շնորհիվ հնարավոր է դարձել գրեթե կրկնապատկել ծառայողների վարձատրությունը՝ բարձր որակավորումը համապատասխանեցնելով արժանապատիվ վարձատրությանը։

✅Արձանագրվել է Փրկարար ծառայության զարգացման և աղետների ռիսկի կառավարման ոլորտում զգալի առաջընթաց. ընդունվել է ոլորտի նոր օրենքը, իսկ տեխնիկական պարկը համալրվել է 18 ժամանակակից հրշեջ մեքենաներով։

✅Միջազգային համագործակցության շրջանակում սեյսմիկ ծառայությունը միացել է Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիային՝ ապահովելով Հայաստանի ինտեգրումը համաշխարհային սեյսմիկ անվտանգության համակարգին։

ՆԳ նախարարը համապարփակ կերպով ներկայացրել է նաև նախարարության գործունեությանն առնչվող այլ առանցքային ձեռքբերումներ ու վիճակագրական ցուցանիշներ։

Նմանատիպ գրառումներ