
Մայիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Ներկա էին Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Դատաիրավական բարեփոխումների խորհրդական Լիլիթ Դանեղյանը, Մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության պետ Լիլյա Գրետարսդոտիրը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Ղարաբաղից տեղահանության ժամանակ ստեղծված ճգնաժամային իրավիճակի կառավարման գործընթացում ցուցաբերել է կարևոր աջակցություն։
Արմեն Ղազարյանը նշել է, որ ճգնաժամերի կառավարման փուլում ինստիտուտները ցուցաբերել են դիմակայունություն։
Խոսելով միգրացիայի կառավարման համակարգի սկզբունքների մասին՝ ՆԳ նախարարի տեղակալը նշել է, որ ամուր ինստիտուտները Հայաստանի Հանրապետության սուվերենության երաշխավորն են։ Նրա խոսքով՝ արագ փոփոխվող պայմաններում դրանք պետք է լինեն նաև ճկուն՝ կարողանալով արագ արձագանքել նոր մարտահրավերներին։
Արմեն Ղազարյանն ընդգծել է նաև քաղաքացիակենտրոն ծառայությունների ձևավորման սկզբունքը։ Նրա խոսքով՝ ՆԳ նախարարության բարեփոխումների տրամաբանությունն ուղղված է այնպիսի համակարգի ձևավորմանը, որտեղ ծառայությունների կենտրոնում քաղաքացին է, ինչը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ է։
Խոսելով առաջնահերթությունների մասին՝ Արմեն Ղազարյանը նշել է, որ իրականացվող ծրագրերը պետք է շարունակեն հիմնվել նշված սկզբունքների վրա։ Նա ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակականության կարևորությունը՝ շեշտելով նաև ընդհանուր նպատակների հստակ ձևակերպման և դրանց հետևողական իրականացման անհրաժեշտությունը։
Մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության պետ Լիլյա Գրետարսդոտիրը կարևորել է Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցում արձանագրված դրական գնահատականները՝ ընդգծելով, որ դրանք փաստում են միգրացիայի կառավարման, ապաստանի համակարգի, տվյալների և հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների էական առաջընթացը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը բարձր է գնահատել Ղարաբաղից տեղահանված անձանց կարգավիճակի, ժամանակավոր պաշտպանության մեխանիզմների և հրատապ աջակցության ծրագրերի ձևավորման ուղղություններով Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ իրականացված աշխատանքը։
Նելլի Դավթյանն անդրադարձել է նաև ՆԳ նախարարության օրենսդրական նախաձեռնություններին՝ ընդգծելով, որ դրանք միտված են միգրացիայի և քաղաքացիության ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացմանն ու մատուցվող հանրային ծառայությունների արդիականացմանը։
Քննարկվել է տեղահանված բնակչության վրա օրենսդրական, ինստիտուցիոնալ և իրազեկմանն ուղղված միջամտությունների ազդեցությանը։
Մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ, նախանշել առաջիկա գործողությունների թիրախային ուղղությունները:























