
ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը մայիսի 25-ին այցելել է Գեղարքունիքի մարզի հրշեջ փրկարարական ջոկատներ։
Փրկարար ծառայության տնօրենը շրջել է մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներում, ծանոթացել հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությանը, շենքային պայմաններին ու ծառայության կազմակերպման ընթացքին։
Արամ Ղազարյանը զրուցել է փրկարարական ծառայողների հետ, հետաքրքրվել ծառայողների առօրյայով։ Նա կարևորել է մասնագիտական պատրաստվածությունը՝ ընդգծելով շարունակական վերապատրաստումների և գործնական վարժանքների անհրաժեշտությունը։
Փրկարար ծառայության տնօրենին ներկայացվել են դեպք-պատահարների ժամանակ կիրառվող տեխնիկական միջոցները, հատուկ և օժանդակ գույք-սարքավորումները, ինչպես նաև դեպքերին արձագանքելու մարտավարությունը։
Արտակարգ իրավիճակներում օպերատիվ արձագանքման համատեքստում ընդգծվել է ժամանակի կրճատման, հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների համակարգված գործելու անհրաժեշտությունը։
Արամ Ղազարյանը ներկայացրել է նաև ատեստավորման գործընթացի կարևորությունն ու դրա դերը ծառայության արդյունավետության բարձրացման գործում՝ ընդգծելով, որ այն միտված է ոչ միայն մասնագիտական կարողությունների գնահատմանը, ծառայողների գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցմանը, այլև սոցիալական երաշխիքների ամրապնդմանը։
Այցի ընթացքում Արամ Ղազարյանը նաև հետևել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներին, որոնք ավարտական փուլում են։ Նա նշել է, որ շենքային պայմանների բարելավումը կնպաստի արագ արձագանքման հնարավորությանն ու ծառայության որակի բարձրացմանը։
Փրկարար ծառայության տնօրենը աշխատանքային խորհրդակցության ընթացքում հանձնարարել է ստորաբաժանումների գործունեությունը համապատասխանեցնել նոր ռազմավարական մոտեցումներին՝ կարևորելով արդի մարտահրավերներին հակազդելու պատրաստակամությունը։
Արամ Ղազարյանը հանդիպել է նաև փրկարար ծառայության վետերաններին, լսել ծառայության լավարկմանն ուղղված նրանց առաջարկներն ու նաև բարձրացրած հարցերը։
Փրկարար ծառայության առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ տրվել են մի շարք հանձնարարականներ։

























