ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Առաջարկվող լրացմամբ նախատեսվում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ։
Արմեն Ղազարյանի խոսքով՝ ակնկալվում է, որ վերահսկողության առկայությունը Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը հնարավորություն կտա վեր հանել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում առկա խնդիրները և այնտեղ բնակվող անձանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ քայլերն ավելի արդյունավետ կազմակերպել:
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն համապատասխան իրավական հիմքերը՝ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում վերահսկողություն իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ստեղծման համար, ինչը կամրապնդի հասարակական կազմակերպությունների ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համագործակցությունը, հնարավորություն կստեղծի ապահովելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկությունը:
Արմեն Ղազարյանը կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը և նշել, որ հատկապես այդ համատեքստում կարևոր է օրենսդրությամբ ինստիտուցիոնալ լուծումների նախատեսումը։
Հարակից զեկույցում Ալխաս Ղազարյանը դրական է գնահատել նախագիծը` նշելով, որ այն միտված է ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: