Մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանում Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Ներկա էին ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը, ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի Անվտանգության ոլորտի կառավարման և բարեփոխումների ծրագրի պատասխանատու Ռուզաննա Բաղդասարյանը, ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, ԵԱՀԿ Քարտուղարության ղեկավարի տեղակալ Քեթրին Ֆերոնը (առցանց), Արինսայթս հետազոտական ընկերության հիմնադիր և հետազոտական թիմի ղեկավար Դիանա Ղազարյանը, ԵԱՀԿ Ծրագրի ազգային համակարգող Դիանա Անանյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ արդեն երկրորդ անգամ իրականացվող հետազոտության արդյունքների բաց և թափանցիկ ներկայացումը ՆԳ նախարարությունը դիտարկում է որպես հանրության հետ կապի կարևոր խողովակ։ Արդյունքները հնարավորություն են տալիս ոչ միայն արձանագրել ձեռքբերումները, այլև բացահայտել այն ուղղությունները, որտեղ լրացուցիչ աշխատանքի կարիք կա։

ՆԳ նախարարը կարևորելով նման հարցումների պարբերաբար իրականացումը՝ անդրադարձել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներին, ըստ որի՝ հարցվածների 61%-ը լիովին կամ հիմնականում գոհ է Ոստիկանության աշխատանքից։

Նրա խոսքով՝ հետազոտությունը կարևոր գործիք է ազդեցության գնահատման, հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև հետագայում քաղաքականության մշակման համար։

Արինսայթս անկախ հետազոտական ընկերությունը համանման հետազոտություն է իրականացվել նաև 2024 թվականին՝ ԵՄ կողմից ֆինանսավորված «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, ինչը հնարավորություն է տվել 2026 թվականի արդյունքները ներկայացնել 2024 թվականի հետ համեմատությամբ։

Հետազոտության շրջանակում անդրադարձ է կատարվել ներքին ապահովության և անվտանգության, Ոստիկանության և դրա ստորաբաժանումների նկատմամբ վստահության մակարդակի և վերաբերմունքի, գործառույթների իրականացման արդյունավետության, գոհունակության, կանանց ներգրավվածության և մի շարք այլ ընկալումներին։

Հարցմանը մասնակցած 1812 անձանց 69,1%-ը Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակը համարել է այս կամ այն չափով անվտանգ, ինչը 2024 թվականին արձանագրված 65․2% ցուցանիշի համեմատ աճել է 3,9%-ով։ 92,1%-ը նշել է, որ ցերեկային ժամերին միայնակ փողոց դուրս գալիս իրեն ապահով է զգում, իսկ գիշերային ժամերին ապահովության զգացողության ցուցանիշն աճել է 2,6%-ով՝ կազմելով 77,4%։ Հարցվածների 52,8%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է Ոստիկանությանը․ հանրագումարային ցուցանիշն աճել է 7,5%-ով․ 21,8%-ը Ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը չեզոք է գնահատել։ Միևնույն ժամանակ նվազել է Ոստիկանությանը չվստահող քաղաքացիների թիվը՝ կազմելով 21,2%։

ՆԳ նախարարն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ հարցվածների 74,6 %-ը վստահում է Ոստիկանությանը կամ ունի չեզոք վերաբերմունք:

ՆԳ նախարարության նկատմամբ վստահության ցուցանիշը 2024 թվականի համեմատ աճել է՝ 12.8%-ով՝ 41,5%-ից հասնելով 54.3%-ի։ 63,9%-ը նշել է, որ դրական վերաբերմունք ունի Ոստիկանության նկատմամբ․ 2024 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 6,8%-ով։ Պարեկային ծառայության նկատմամբ դրական վերաբերմունքն աճել է՝ 3,7%-ով Համայնքային ոստիկանության նկատմամբ ` 7,9%-ով։ Քրեական ոստիկանութան նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցվածների 52.4%-ը, Ոստիկանության գվարդիայի նկատմամբ՝ 48%-ը։ Հարցվածների գերակշիռ մասը՝ 66․6%-ը, համաձայն է, որ Ոստիկանությունն արագ արձագանքում է կանչերին․ 2024 թվականի համեմատ թիվն աճել է 8,3%-ով։ 61.1%-ը գտնում է, որ Ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ ցուցաբերում է արդար և հարգալից վերաբերմունք, 60,3%-ը համաձայն է, որ Ոստիկանությունը գործում է պրոֆեսիոնալ և բարեվարք։ 51,5%-ը նշել է, որ Ոստիկանությունը ֆիզիկական ուժ կիրառում է համաչափ և իրավաչափ. 2024 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 7,3%-ով։

2026 թվականի՝ Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության ընկալումները, համանման են 2024 թվականին արձանագրված պատկերի հետ։
Անդրադառնալով հետազոտության արդյունքներին՝ նախարար Սարգսյանը կարևորել է բազմաթիվ ուղղություններով արձանագրված դրական աճը, մասնավորապես ընդգծել՝ Ներքին գործերի նախարարության նկատմամբ վստահության բարձրացումը, ինչը վկայում է ենթակա մարմինների աշխատանքի, նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների և մատուցվող հանրային ծառայությունների արդյունավետության մասին։

ՆԳ նախարարը շեշտել է, որ նախարարությունը հետազոտության արդյունքները դիտարկում է որպես հերթական նշաձող և շարունակելու է հետևողական քայլերով ապահովել նոր առաջընթաց։

Հետազոտությունը պատվիրակվել է ԵԱՀԿ-ի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում և Փրկարար Ծառայութունում» (AEGIS) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և ԵԱՀԿ կողմից։

Հետազոտությունը

Նմանատիպ գրառումներ