
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունիսի 18-ին մասնակցել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացած քննարկմանը՝ նվիրված Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումի (IMRF) արդյունքների ամփոփմանը և Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի (GCM) իրականացման ընթացքի գնահատմանը։ Քննարկման ընթացքում ներկայացվել են համաձայնագրի նպատակների իրականացման շրջանակում Հայաստանի գրանցած առաջընթացն ու հիմնական առաջնահերթությունները։
Քննարկմանը մասնակցել են Միավորված ազգերի կազմակերպության, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների և դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ։
Արմեն Ղազարյանը նշել է, որ միգրացիան շարունակում է առանցքային նշանակություն ունենալ Հայաստանի զարգացման օրակարգում, և միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները հիմնված են երեք հիմնական առաջնահերթությունների վրա՝ ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդում, քաղաքացիակենտրոն ծառայությունների զարգացում և թվային փոխակերպումների առաջմղում։
Ներկայացվել են նաև ծառայությունների թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մասնավորապես, ընթացքի մեջ է Բնակչության պետական ռեգիստրի արդիականացումը, ամբողջությամբ թվայնացվել են քաղաքացիության ծառայությունները, ապաստանի տրամադրման ընթացակարգերում ներդրվել են թվային գործիքներ, իսկ օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի տրամադրման գործընթացները փուլային կերպով թվայնացվում են։
Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը, որը հիմնված կլինի Գլոբալ դաշնագրի սկզբունքների և միգրացիոն կառավարման համակարգի հետագա ամրապնդման վրա։
Հայաստանի Հանրապետությունը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը միջազգային գործընկերների հետ և նպաստելու անվտանգ, կանոնավոր և օրինական միգրացիայի արդյունավետ կառավարմանը։














